“Խաչված երազներ” di Araks Martirosyan
“Խաչված երազներ”
Իտալիայի հարավում գտնվող փոքր, ծովափնյա Բարի քաղաքի կենտրոնական կայարանից նրա սպիտակ ֆոնի մասին չես կարող կռահել: Ծովն էլ չի երևում, բայց կապույտով բուրող քամին հուշում է, որ այն հեռու չէ։ 2014-ի գարնանային մի օր հենց այդ կայարանում Կառլո Կոպոլային սպասելիս մտածում էի, որ մոտ 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կոտորածներն այս աշխարհում միայն մի հայ (այն էլ թանգարանում) թողնելու փոխարեն ավարտվեցին այս աշխարհում միայնակ հայ չթողնելով, քանի որ ահա ես` պատահական մի հայ, եկել եմ Բարի` պատահական մի քաղաք, ու շուտով հանդիպելու եմ հայերի։
Անձրևում է, քամին չի խնայում անցորդների բաց գլուխներն ու ականջները: Թեթև գարնանային վերարկուներով մարդիկ դողում են` վկայելով, որ գարնանն այսպիսի ցուրտ եղանակն այստեղ անսպասելի է: Աչքերս մուտքի դռան մոտ փնտրում են Կառլոյի անծանոթ դեմքը, ուղեղս իր մեջ ծագող հարցերը դեռ չի ձևակերպել, բայց արդեն ձախողել է նրանց պատասխաններ գտնել:
Ահա անձրևանոց ծալող մի անծանոթ կասկածանքով ժպտում է ինձ, ստանում պատասխան կասկածող ժպիտ, մոտենում ու հարցնում է.
- Արա՞քս, ճի՞շտ եմ:
- Կառլո՞, Դու՞ք եք:
Ծանոթանում ենք, ժպտում այն մասին, որ այսքան ծանոթ անծանոթներ ենք։ Խոսում ենք իտալերեն, հիշում ընդհանուր ծանոթների անուններ, չենք զարմանում, որ նրանք քիչ չեն:
Ապա միասին կայարանից քայլում ենք դեպի կենտրոնական Նիկոլո Պուտինիանի փողոց, որտեղ գտնվող մի խանութի անուն` “Թիմուրյան”, մատնում է իր տիրոջ ազգությունը:
Ներսում նրբաճաշակությունն աչք է շոյում. սպիտակն ու մարմարագույն, լազուրն ու փիրուզը մոմակալներին, հայելիներին, սպասքին, թիկնաթոռներին փխրուն տեսք են տալիս։ Ես դեռ չգիտեմ, ես հետո պիտի իմանամ, որ “Թիմուրյան” տան ներքին կահավորանքի խանութների պատմությունը սկսվել ու նաև շարունակվում է արևելյան կարպետների վաճառքով:
Ներսում Կառլոյին ճանաչելով, ակամա հայրաբար ժպտալով` մեզ ընդառաջ է գալիս պարոն Թիմուրյանը, գրկում նաև ինձ։
- Ռուբեն։
- Արաքս։
- Աղվո՞ր ես,- պոլսյան չկորցրած քաղցր հայերենով հարցնում է արդեն սպիտակած այդ մարդը, ծանոթացնում կնոջ հետ։
- Լավ եմ, շնորհակալ եմ, - արևելահայերենով պատասխանում եմ ես ու չեմ խնդրում, որ պատմի իր պատմությունը: Օտար ճանապարհների խանութներին փայլող "յան"-երի պատմություններն ես լավ գիտեմ։
-Գնա՛նք: Գնանք գյուղը տեսնելու,- ասում է հարազատ դարձող այդ մարդն ու ուղեկցում դեպի իր մեքենան:
-Անունդ՝ Արաքս, մականունդ ի՞նչ է,- արդեն ճանապարհին հարցնում է նա:
-Մարտիրոսյան, - ասում եմ ես ու պատմում իմ պատմությունը, մեկը նրանցից, որ, թերևս, ինքը լավ գիտի։
Գնում ենք։ Երեք պատահական մարդ, պատահական Բարի քաղաքից դեպի ոչ պատահական մոտիկ մի գյուղ՝ Նոր Արաքս։ Ահա այդ անունն է կրում կոտորածներից փրկված մի խումբ հայերի նոր ապաստարանը, որն իրենից ներկայացնում է մատների վրա համրելի բարաքներ, որոնցից յուրաքանչյուրում, ասում են, երկու ընտանիք է ապրել: Գյուղում զբաղվել են կարպետագործությամբ: Արևելյան բոսոր նռնագույնով, փայլող ծիրանագույնով, տաքություն արտաշնչող բոլոր գույներով, աստիճանաձև բացվող ու փակվող, մի շարքով իրար կրկնող, բայցևայնպես իրարից կատարելապես տարբեր զարդանախշերը տեղացիներին երևի ապշեցրել են իրենց կախարդիչ հմայքով:
Հենքաթելերի մեջ մոլորվող, վարժ և արագ շարժվող ո՞ր ձեռքերն են եղել առաջին ուսուցիչները, ի՞նչ վշտեր են թաղել առաջին կարպետները, ի՞նչքան արցունքներ են սառեցրել հին երկրի գույները, ինչքա՞ն ճիչեր են լռեցրել, ի՞նչ հեքիաթներ են պատմել: Ի՞նչ հույսեր են վառել նոր հյուսվողները, ի՞նչ աչքեր են մարել հերթականները:
Ծալապատիկ նստեինք, պատմություններ հիշեիք, լուռ թախիծներ կիսեինք ես ու կարպետները:
Որերո՞դ կարպետն է դարձել կայուն հիմք, ո՞ր կարպետն է դարձել փոքրիկ այն մատուռը, որ մինչ օրս կանգնած է գլխավոր ճանապարհի ձախ մասում: Հենց այդ մատուռում հրավիրված կաթոլիկ քույրերը կրթել են գյուղի երեխաներին։ Հիմա գյուղում երկու ընտանիք է ապրում միայն։ Երեխաներն երևի գնում են մոտակայքի մի ուրիշ դպրոց: Քույրերից մեկը մեզ համար բացում է մատուռի դուռը, մտնում ենք։ Խորանն այդտեղ Քրիստոսի խճանկարն է։
Այստեղ` գլխավոր ճանապարհի վերջում է գտնվում բանաստեղծ Հրանտ Նազարյանցի տունը, որը թանգարան չէ։ Կրթվելով Անգլիայում և Ֆրանսիայում` նա վերադարձել է իր ծննդավայր` Կ.Պոլիս, որտեղ էլ 1912-ին լույս տեսած իր “Խաչված երազներ” ժողովածուն ես (առայժմ) չեմ կարդացել: Առաջին համաշխարհայինի տարիներին Պոլսից Բարի բերող ճանապարհն ի՞նչ երազներ է խաչել, ինքը որքա՞ն է սպասել նրանց համբարձումին, ե՞րբ է հոգնել սպասելուց, չգիտեմ, բայց գյուղում դեռ լսելի են շշուկներն այդ երազների:
Հենց նրա գրչին պատկանող բանաստեղծություններից մեկի իտալերեն թարգմանությունն անմահացել է Բարիի հայկական խաչքարի հուշատախտակին։ Ծովածոցին նայող, քաղաքի գույնին ձուլվող, սպիտակ քարից կերտված Աշոտ Գրիգորյանի այդ աշխատանքը փխրուն է թվում խաչված երազների պես, բայց նա ամուր է երկնքից երկիր ձգվող վերմարդկային ներման, խոր կարեկցանքի, ինքն իր հետ հաշտ հոգու նման.
“Perdonare:profumare i cuori ai fiori del calvario…
Essere il segno della croce sulla terra e sul cielo,
essere fratelli, essere semplici e puri: Credere, Amare…
credere all’Armonia, ai Ritmi supremi, alla Giustizia dei Cieli,
i poveri, credere sempre, le braccia tese alle Cime,
vivere bene, realizzare la propria anima, la carne è nulla…
E poi, chiudere gli occhi di carne per aprire quelli dello Spirito,
essere il Bacio di pace sulla bocca dei morenti
e poi, a nostra volta, sorridere,
sorridere nell’ora felice della Morte… "
-Օրիգինալը հայերեն է, ցավոք կորցրել ենք,-ասաց Կառլոն այս առավոտ, երբ միասին այն կարդացինք։
Արևմտահայերենն իտալերենի թարգմանելիս կորցրել է ինչ-որ մի բան, որ անուն չունի։ Ես դեռ չգիտեմ,որ հետագայում փորձելու եմ այս տողերը թարգմանել արևելահայերեն, ու ավելի շատ է կորելու այդ անանունը.
“Ներել․
Սիրտը Կալվարիոյի ծաղիկներով անուշահոտել,
Խաղաղության խաչ դառնալ Երկնքի ու Երկրի միջև,
Լինել եղբայր ամենքին, լինել հասարակ ու մաքուր լինել,
Հավատալ, Սիրել․․․
Հավատալ Հարմոնիային, Ռիթմին վսեմագույն, արդարությանը Երկնքի,
Հավատալ` առհավետ ձեռքերն դեպ երկինք կարկառած,
Լինել բարի, տեսնել իսկական հոգին, քանի որ մարմինը ոչինչ է․․․
Եվ ապա փակել աչքերը մարմնի ու բացել աչքը Հոգու,
Լինել խաղաղության համբույր հանգուցյալի շուրթերին,
Եվ ժպտալ կարողանալ մեր հերթին՝
Ժպտալ մահվան երջանիկ ժամին․․․”
"Էսպես կամաց-կամաց, ամեն նոր թարգմանության հետ ամբողջը կկորցնեք",- կնկատի (կամ երևի կզգուշացնի) հետո ընկերներիցս մեկը։ Ես կհասկանամ նրա վախն, ու հերթական անգամ ամբողջ մարմինս կսարսռա արդեն ունեցած ավելի մեծ կորուստների գիտակցումից, հերթական անգամ սիրտս կվերապրի դրանց ամբողջ ծանրությունը, հերթական հարցերը կվախենան լույս աշխարհ գալուց, քանի որ ուղեղս կդիմադրի դրանց պատասխաններ փնտրել...
Միայն հետո, այդ ինքնաքայքայիչ ճակատամարտի ժամին, երբ ինձ մենակ ու անուժ կզգամ, երբ կթվա` մոռանալուց բացի ուրիշ ճանապարհ չկա, երբ ներելու կարոտ սիրտս տակնուվրա կլինի չխնդրված ներողության ներկայությունից, երբ կթվա՝ խոհերս գաղջությունից փխրուն են դարձել ու երևի կփշրվեն հիմա, կդառնան ավազահատիկներ, որ կկորեն համամարդկային վշտի ու անարդարության անապատում, ես կհիշեմ խոսքերը, որ քիչ հետո` հրաժեշտի պահին, կասի պարոն Թիմուրյանը` “Հիշի՛ր, որ հոս ախպար ունիս”, ու չեմ փշրվի, հաստատ գիտեմ, չեմ փշրվի....
24 Ապրիլի, 2014
Commenti