«Nazariantz è un poeta luminoso» scriveva Daniel Varujan
«Նազարյանց լուսավոր բանաստեղծ մըն է»
Articolo a firma del prof. Yervant Ter Khachatrian
da in "Azg Daily cultural online", 29/04/2006
da in "Azg Daily cultural online", 29/04/2006
«Նազարյանց լուսավոր բանաստեղծ մըն է»
(ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ)
Քսաներորդ դարի առաջին տասնամյակի հայ գրական մամուլի եւ զանազան հանդեսների ու պարբերականների էջերում սփռված են բազմաթիվ ստեղծագործություններ ու թարգմանություններ, որոնք այսօր էլ արժանի են ճանաչվելու եւ կարդացվելու, մամուլի էջերում են մնացել տասնյակ հեղինակներ, որոնց արձակ կամ չափածո ստեղծագործությունները այսօր էլ արժանի են առանձին գրքով հրատարակվելու: Այդ հեղինակների ստեղծագործությունները՝ ինքնուրույն գործերն ու թարգմանությունները, ոչ միայն գրական-պատմական կարեւոր իրողություններ են, որ ամբողջացնում են հայ գրական կյանքի համայնապատկերը, այլեւ գրական-գեղարվեստական որոշակի արժեք ներկայացնող գործեր են, որոնք իրավունք ունեն ինքնուրույն կյանքով ապրելու հայոց լեզվի եւ հայ գրականության մեջ: Այդ հեղինակներից մեկը, անշուշտ, Հրանտ Նազարյանցն է, տաղանդավոր բանաստեղծ, թարգմանիչ, էսսեիստ, խմբագիր, հանրային եւ գրական գործիչ:
Հրանտ Նազարյանցը ապրել է հետաքրքրական, հակասություններով եւ դրամայով լեցուն, հարուստ ու բովանդակալից կյանք, ապրել է, նախ, Պոլսում եւ ստեղծագործել հայերեն, այստեղ հասել ճանաչումի եւ գնահատության եւ 1913-ից ապրել է Իտալիայում, Բարի քաղաքում, ստեղծագործել հիմնականում ֆրանսերեն ու իտալերեն, հասել մեծ փառքի ու ճանաչման, բայց իր մահկանացուն կնքել աղքատության ու թշվառության մեջ:
Իտալիայում այսօր էլ բանաստեղծ Հրանտ Նազարյանցը ճանաչում եւ համարում ունի: 2005 թվականի ամռանը Միլանում, հերթական անգամ, եղան Հրանտ Նազարյանցին նվիրված բանաստեղծական հանդիսություններ եւ պատվո հանդեսներ: Կարծում եմ, որ, այո, մենք չափազանց երկար «թողուցինք իրեն միայնակ իւր փառքին հետ»: «Սարգիս Խաչենց» հրատարակչության համար այս տողերը գրողը տպագրության է պատրաստել Հրանտ Նազարյանցի հայերեն տպագիր գործերի՝ չափածո եւ արձակ ստեղծագործությունների, թարգմանությունների, ինչպես նաեւ պահպանված նամակների ամբողջական մի ստվար հատորը: Հրանտ Նազարյանցի արխիվը, որ, կարծեմ, գտնվում է Իտալիայում, ինձ մատչելի չի եղել:
Այնքան հետաքրքրական եւ հարուստ է Հրանտ Նազարյանցի կյանքը, որ «Ազգ» օրաթերթի համար գրված այս համառոտ ուրվագիրը հեղինակին իսկ թվում է չափազանց աղոտ ու ցավալիորեն կցկտուր: Բայց անկարելի է որեւէ կարճ գրության մեջ ներառնել իր կյանքի գոնե ինձ հայտնի երեւութական փաստերի ամբողջությունը:
Հրանտ Նազարյանցին անհայտության մեջ թողնելու պատճառները շատ են: Չեմ կարծում, թե սովետահայ գրականագետները չեն հանդիպել իր անվանը: Բայց բացեք սովետահայ ակադեմիկոս գրականագետների հաստափոր գրքերը եւ կտեսնեք, որ սիմվոլիզմի մասին գրում էին այնպես, ինչպես կգրեին ֆաշիզմի կամ հակասովետական հայտարարված որեւէ այլ երեւույթի մասին: Էլ ի՜նչ Հրանտ Նազարյանց.. Սիմվոլիզմը վիթխարի մշակույթ է, եւ ի պատիվ հայ գրականության, գոյություն ունի հայկական սիմվոլիզմ՝ հայ գրականության սահմաններին պատշաճող հարուստ ու հետաքրքրական գրական իրողություն: Եվ այդ հարուստ ու հետաքրքրական գրական ի րողության ուշագրավ դեմքերից մեկը, անշուշտ, Հրանտ Նազարյանցն է: Արդի հայ գրական միտքը, սովետահայ գրականագիտության պես, բարոյական իրավունք չունի հրաժարվելու Հրանտ Նազարյանցի նման բանաստեղծից:
* * *
Հրանտ Նազարյանցը ծնվել է 1877 թվականի հունվարի 8-ին, Կ. Պոլսում, Սկյուտար թաղամասում՝ մեծ բանաստեղծների ու գրողների՝ Պետրոս Դուրյանի, Եղիա Տեմիրճիպաշյանի, Տիրան Չրաքյանի, ընտիր մտավորական Ռեթեոս Պերպերյանի ծննդավայրում: Նրա ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ, տարբեր կենսագիրներ տարբեր թվականներ են նշում՝ 1880, 1883, 1884 եւ վերջապես 1886: Առավել հավանական է թվում Արամայիս Սրապյանի նշած թվականը՝ 1877: Ապագա բանաստեղծը սերում էր ծագումով պարսկահայ նշանավոր Ստեփանոս Նազարյանցի պատկառելի գերդաստանից: Հայրը՝ Տիրան Նազարյանցը, ըստ վկայությունների, եղել է «հռետոր, խանդոտ հայրենասեր, անդամ Ազգային ժողովին եւ երեսփոխան Գում-Գափուի Հայոց»: Պապը՝ Թորոս Նազարյանցը, ըստ նույն վկայությունների, նույնպես «գրոց-բրոց» մարդ է եղել՝ հմուտ գրաբարագետ, հայ դասական լեզվի ջատագով, հիմնադրել է օրիորդաց առաջին վարժարանը:
Սովորել է Ռեթեոս Պերպերյանի վարժարանում, որտեղից մի օր հեռացրել են նրան: Վարժարանում սիրահարվում է Ռեթեոս Պերպերյանի դստերը՝ մեր գրականության եւ մշակույթի մեջ ոչ անհայտ Մաննիկ Պերպերյանին: Հայրը գնում է Ռեթեոս Պերպերյանի դուռը՝ որդու համար խնդրելու նրա դստեր ձեռքը: Եվ Ռեթեոս Պերպերյանը մերժում է... Երիտասարդ Հրանտ Նազարյանցը շատ խորն է ապրում իր այս առաջին սիրո դրաման: Եվ քիչ է ասել՝ դրաման: Իր հետագա սիրային պատմությունները նույնպես պատված են լեգենդներով, անհավատալի իրադարձություններով ու մշուշով: Այս առաջին սիրո հետ էլ սկսվում են մութ եւ խորհրդավոր պատմությունները: Ըստ վկայությունների՝ այս սիրո պատճառով էլ նա հեռացվում է վարժարանից, եւ այս մերժումն էլ ստիպում է Հրանտ Նազարյանցին հեռանալ Պոլսից:
1900 թվականին Հրանտ Նազարյանցը մեկնում է Փարիզ եւ ապա՝ Լոնդոն, իր կրթության բացը լրացնելու նպատակով: Այստեղ նա, կարելի է ասել, լիովին տիրապետում է ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներին: Պոլսահայ նոր սերնդի գրականության առաջին դեմքն է Հրանտ Նազարյանցը, որ մեկնում է Եվրոպա՝ հայրենիք վերադառնալու համար:
Պոլիս վերադառնալով՝ Հրանտ Նազարյանցը շուտով հայտնվում է գրական-մշակութային ծավալվող կյանքի հորձանուտի մեջ եւ նվիրվում է գրական տենդագին աշխատանքի: Փարիզի եւ Լոնդոնի իր կյանքի տարիները պատված են անհայտության մշուշով, բայց դատելով ըստ իր առաջին տարիների գրական գործունեության, դրանք իզուր չեն անցել: Պոլսում երիտասարդ Հրանտ Նազարյանցը իր առաջին գրական քայլերով դրսեւորում է անառարկելի ձիրք, բարձր ճաշակ եւ գրական նախաձեռնություն:
Հրանտ Նազարյանցն է, որ «հայտնաբերում է» պատանի բանաստեղծուհի Հերանուշ Արշակյանին (ծն. 1887), քաջալերում է նրա գրական առաջին քայլերը, կազմակերպում է նրա առաջին բանաստեղծությունների հրապարակումները զանազան պարբերականներում, թոքախտավոր բանաստեղծուհու համար դառնում է նեցուկ, հոգեհարազատ մարդ-եղբայր-բարեկամ՝ ստեղծելով նրա համար հոգեկան բարենպաստ մթնոլորտ, եւ երբ 1905-ին Հերանուշ Արշակյանը վախճանվում է, տեր է կանգնում նրա հիշատակին ու գրական ժառանգությանը՝ հավաքում եւ կազմում է եւ 1910 թվականին իր ծախքով եւ Մերուժան Պարսամյանի առաջաբանով հրատարակում է վաղամեռիկ Հերանուշ Արշակյանի բանաստեղծությունները:
Հրանտ Նազարյանցի առաջին հրապարակված գործը «Ջութակը» վերնագրով բանաստեղծությունն է, որ տպագրվել է «Բիւրակն» հանդեսում (Կ. Պոլիս) 1904 թվականի օգոստոսի 8-ին (N 32): Նույն տարում նա տպագրում է մի շարք գործեր նույն «Բիւրակն» հանդեսում, նաեւ «Մասիս», «Արեւելեան մամուլ» եւ այլուայլ պարբերականներում ու հանդեսներում, Թեոդիկի «Ամենուն տարեցոյց»-ում: Զուգահեռաբար մամուլում հրատարակում է չափածո եւ արձակ թարգմանություններ իտալացի, ֆրանսիացի, ռուս եւ այլ ազգերի հեղինակներից՝ իր ընտրությամբ դրսեւորելով ուրույն ճաշակ եւ մոտեցում:
Մամուլի էջերում Հրանտ Նազարյանցին ներկայացնող, նրա բանաստեղծությունները գնահատող դրվատական գրությունները այս տարիներին մեծ թիվ են կազմում: Ավելին, 1911 թվականին Ենովք Արմենը Հրանտ Նազարյանցին նվիրված առանձին գիրք է հրատարակում՝ «Հայ նոր բանաստեղծներ. Հրանտ Նազարեանց» խորագրով, որ բանաստեղծի անձի ու գրականության պերճախոս ջատագովումն է ու փառաբանությունը: Այս գրքի էջերում Ենովք Արմենը Հրանտ Նազարյանցին ու իր գրականությանը տալիս է բազում շոյիչ բնութագրումներ՝ նրան համարելով «հայ Միւսսէ մը», «մեծ յուզումներով թրթռացող Զգայնութիւն մը», «Զգայուն զանգակ մը», «Վակների պէս...» եւ այլն, եւ այլն:
Ինչպես վայել է ամեն մի տաղանդավոր մարդու, Հրանտ Նազարյանցը նույնպես ուներ հակառակորդներ, եթե չասենք թշնամիներ: Եվ տաղանդավոր մարդու թշնամիները միշտ էլ ներքին միասնականության-միավորվելու զարմանալի կարողություն ունեն: Եվ նրանք միավորվում են Հրանտ Նազարյանցի դեմ՝ թիրախ դարձնելով Ենովք Արմենի գիրքը: 1911 թվականի նոյեմբերին Արտաշես Հարությունյանը «Շանթ»-ի էջերում (N 11) ուղղակի ոչնչացնում է Ենովք Արմենի գիրքը եւ նվաստացնող-մերժող-բացասող-անարգող բնութագրումների ու լուտանքների տարափ է տեղում Հրանտ Նազարյանցի հասցեին:
Կարծես թե ոչ օրինաչափ բան է տեղի ունենում. առանձին որեւէ գիրք չհրապարակած եւ միայն մամուլում բանաստեղծություններ եւ թարգմանություններ տպագրած մարդը գրական մեծ համբավ եւ ճանաչում է ձեռք բերում: Եվ դրան գումարած իր ֆրանսիական ու անգլիական ուսումնառությունն ու գրական խոր իմացությունները: Եվ հենց դա էլ չի ներվում Հրանտ Նազարյանցին:
Պոլսահայ գրական կյանքի վերելքի տարիներն են: Մեծարենցին հաշված ամիսներ են մնացել ապրելու: Եղիա Տեմիրճիպաշյանին՝ նույնպես: «Ներաշխարհը» արդեն գրված է: Գրիգոր Զոհրապը իր մեծ ընթացքի մեջ է, Ատոմ Յարճանյանը (Սիամանթո) եւ Դանիել Վարուժանը իրենց մեծ վերելքի ճանապարհին են: Ռուբեն Չիլինկիրյանը դեռեւս ուսանող է Լոզանում: Եվ դեռ շատ-շատերը՝ գրողներ, բանաստեղծներ, թարգմանիչներ՝ Երվանդ Օտյանից մինչեւ Թլկատինցի, Արտաշես Հարությունյանից մինչեւ Գեղամ Բարսեղյան, Վահան Թեքեյանից մինչեւ շատերը... Եվ ահա գրական այս հոյակապ լինելության մեջ է հայտնվում Հրանտ Նազարյանցը, երբ գրական Պոլիսը բաժանված է խմբերի եւ դեռ ավելին՝ բանակների:
1908-ին Հրանտ Նազարյանցը Պոլսում Տիգրան Զավենի հետ խմբագրում է «Սուրհանդակ» հանդեսը, 1909-ին՝ Կովկասի ճանապարհներով անցած Գարեգին Կոզիկյանի (Եսալեմ) հետ հիմնում է «Նոր հոսանք» պարբերականը: 1911-ի դեկտեմբերին եւ 1912-ի առաջին ամիսներին Լիպարիտ Նազարյանի (Memento Mori) հետ միասին, մասնակցությամբ Ռուբեն Զարդարյանի եւ Լեւոն Շանթի, խմբագրում է «Ազատամարտ» շաբաթաթերթի «Բագին» անվանյալ գրական հավելվածը: Այս տարիները նաեւ հանրային բուռն գործունեության տարիներ են. Հրանտ Նազարյանցը դառնում է անդամ Ազգային հրատարակչական գրական հանձնաժողովի, Ազգային մեծ գրադարանի վարիչ մարմնի, Ազգանվեր մշակութային միության: Միեւնույն ժամանակ բանաստեղծը աշխատակցում է բազմաթիվ թերթերի ու պարբերականների՝ «Մասիս», «Լոյս», «Շանթ», «Ազատամարտ», «Բիւզանդիոն», «Արեւելք», «Հայրենիք», «Մանզումէի էֆքեար» (Կ. Պոլիս), «Արեւելեան մամուլ», «Հայ գրականութիւն» (Զմյուռնիա), «Գարուն» (Մոսկվա) եւ այլն, եւ այլն, ինչպես նաեւ աշխատակցում է ֆրանսերեն եւ իտալերեն պարբերականների ու թերթերի:
Ի դժբախտություն իրեն, Հրանտ Նազարյանցի գրական ճաշակն ու մտածողությունը Պոլսում կերպավորվել է ավելի Եղիա Տեմիրճիպաշյանի գրական ուժի ազդեցությամբ, այն Եղիայի, ում Դանիել Վարուժանը ձոնել է իր փառավոր «Տրտունջք»-ը, նրան անվանել է «Տեսանող», ուղղելով նրան սրտահույզ տողեր.
Այս իրիկուն լալագին, ո՛վ սիրելի Եղիա,
Նիրվանայիդ աստղահեռ կու գամ դըռները բաղխել:
Հրանտ Նազարյանցը մեկն է եղել նրանցից, ովքեր շատ բարձր են գնահատել արեւմտահայ գրականության «դժվար անհատականություններից» մեկի՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականությունը: 1904-ին Եղիան ծանր հիվանդանում է: «Հիւանդութեան եւ տագնապներու օրերուն իրմէն անբաժան էր մանաւանդ Հրանդ Նազարեանց»: 1908-ին «Լոյս» պարբերականում նա տպագրում է մի հոդված՝ «Ինչ կ՛ընէ Եղիա» խորագրով, որտեղ մտավորականությանն առաջարկում է տոնել Եղիայի գրական գործունեության հոբելյանը: Եվ երբ մի քանի ամիս անց Եղիան ինքնասպանությամբ վերջ է տալիս իր կյանքին, Հրանտ Նազարյանցը կարողանում է Մաղաքիա Օրմանյան պատրիարքից հանդիսավոր հուղարկավորության թույլտվություն ստանալ, ինչը գրեթե անկարելի էր անձնասպանության պարագային, եւ իր վրա է վերցնում Եղիայի հուղարկավորման հետ կապված բոլոր հոգսերը, իսկ հուղարկավորումից հետո զբաղվում է Եղիայի գրական ժառանգությամբ, նամակներով եւ այլն: Եղիային հուղարկավորում են շատ անշուք մի տեղ, մի պատի տակ, ինքնասպաններին հատկացված մի անկյունում: 1909-ին Հրանտ Նազարյանցը, արդեն Եղիշե Դուրյան պատրիարքի օրոք, աջակից ունենալով Եղիայի պահապան հրեշտակին՝ տիկին Նիսընին, կարողանում է կարգադրություն ստանալ պատրիարքարանից եւ Եղիայի աճյունը տեղափոխել Շիշլիի ազգային գերեզմանատան պատվելի մի տեղ: Արդեն Եղիայի մահից հետո՝ 1910 թվականին, Պոլսում Հրանտ Նազարյանցը հրատարակում է մի փոքրիկ գիրք՝ «Եղիա Տեմիրճիպաշյանի սիրային նամակները. 1886-1889», «երկու ինքնատիպ լուսանկարներով եւ իր ձեռագիր մէկ նամակով», օժտելով գիրքը գեղեցիկ եւ հուզիչ առաջաբանով:
1910 թվականը Հրանտ Նազարյանցի համար եղել է բեղուն տարի. նույն թվականին նա տպագրում է «Ֆ. Թ. Մառինէթթի եւ ապագայապաշտութիւնը» գիրքը: Գրքի սկզբում զետեղված է Մարինետտիի մի լուսանկարը՝ Հրանտ Նազարյանցին ուղղված ֆրանսերեն ջերմ ընծայագրով՝ «Իմ սիրելի բարեկամ Հրանտ Նազարյանցին՝ ի նշան խորին համակրանքի. Թ. Մարինետտի» («A mon cher ami Hrand Nazariantz, hommage de sympathie profonde. F. T. Marinetti»):
«Հրանտ Նազարյանցը եւ ապագայապաշտությունը (ֆուտուրիզմը)» առանձին ծավալուն խոսքի նյութ է եւ դուրս է այս հոդվածի սահմաններից:
Այս տարիներին Հրանտ Նազարյանցը սերտ կապեր է հաստատում եվրոպական գրական-մշակութային կյանքի մի շարք նշանավոր գործիչների հետ: Նա, դատելով ըստ իր էսսեների ու հոդվածների, հրաշալի գիտեր եվրոպական գրականության մեջ կատարվող իրադարձությունները, ներքին շարժումները եւ հոսանքները: Հրանտ Նազարյանցը եւս, Կոստան Զարյանի պես, հայ գրականություն մտավ եվրոպական գրականության մեջ կատարվող մեծ փոփոխությունների ճանապարհով: Այդ պատճառով էլ նրա հայացքը կյանքի, իրականության եւ գրականության հանդեպ զգալիորեն տարբեր է շատ-շատերի տեսողականությունից. խոսքը այն մասին է, որ իր զուտ հայեցի մտածողությանը Հրանտ Նազարյանցը, Ատոմ Յարճանյանի (Սիամանթո), Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի պես, համադրում էր եվրոպական գրականության մեջ կատարված մեծ փոփոխությունների թելադրականն ու անհրաժեշտությունը:
Հրանտ Նազարյանցի այս տարիների բանաստեղծությունները ընդգծվածորեն սիմվոլիստական են: Եվրոպական գրականության մեջ սիմվոլիզմը թեպետեւ շարունակում էր տեւել, բայց ակնհայտորեն արդեն տեղի էր տալիս գրական նոր մտածողության առաջ. Իտալիայում՝ Մարինետտին եւ ապագայապաշտ արվեստը առհասարակ, Ֆրանսիայում՝ Գիյոմ Ապոլիները, Անգլիայում՝ Էլիոթը... Դեռեւս չհստակված ու չամբողջացած գրական հոսանքների հեռավոր արձագանքը այնուամենայնիվ հասնում էր հայ գրականությանը: Հրանտ Նազարյանցը նույնպես տարված է ինքնահաստատման եւ գրականության մեջ հեղափոխական մտածողության իրագործման գաղափարներով: Իր կայացման միակ ձեւը բանաստեղծը տեսնում է միայն իր ինքնության հաստատման մեջ: «Նոր սարսուռը»: Ահա՛ իմ իտէալս, եթէ կրցայ ստեղծել այդ նոր սարսուռը հայ գրականութեան մէջ այդ ալ կ՛ըլլայ իմ միակ երջանկութիւնս:
Եարճանեան Վերհարընը կ՛յիշեցունէ, Վարուժան Եարճանեանի ու Վերհարընի խառնուրդ մըն է. Գոլանճեան Եղիային կապիկն է, et ainsi de suite.
Ձգէ՛ որ Հրանտը ո՛չ մէկուն չնմանի. ըլլայ միայն ինքզինքը, այսինքն իր poliphonique զգայնամոլ հոգին», - գրում էր Հրանտ Նազարյանցը Ենովք Արմենին:
Բանաստեղծը հուզումով եւ սպասումով է կազմում իր առաջին գիրքը: Այն ծավալով մեծ չէր, բայց բովանդակում էր երիտասարդ բանաստեղծի խռովահույզ ներաշխարհն ու աշխարհին պարզված իր հրավառ երազները: Գրքի տիտղոսաթերթը նկարել եւ Վենետիկում կլիշեն պատրաստել էր Կոստան Զարյանը: Վերջապես 1912 թվականի մայիսի առաջին օրերին լույս է տեսնում Հրանտ Նազարյանցի բանաստեղծությունների հայերեն առաջին եւ միակ ժողովածուն՝ «Խաչուած երազներ» խորագրով: Գիրքը մեծ հաջողություն է ունենում, բարեկամները ջերմորեն ողջունում են գիրքն ու բանաստեղծին: Հրանտ Նազարյանցի գիրքը բարձր են գնահատում Ռուբեն Զարդարյանը («Մեղրագետ»), Սուրեն Պարթեւյանը («Հոսանք»), Մերուժան Պարսամյանը («Շանթ»), Կոստան Զարյանը, Ռուբեն Դարբինյանը («Ազատամարտ») եւ ուրիշներ: Դանիել Վարուժանը նույնպես բարձր է գնահատել Հրանտ Նազարյանցի բանաստեղծությունը: 1912 թվականի հունիսին նա Թոքատից նամակ է գրում Հրանտ Նազարյանցին, հավանաբար «Խաչուած երազներ» գիրքը ստանալու առիթով, որի մեջ կան այսպիսի տողեր. «Նազարեանց գրած է բանաստեղծութիւններ, որոնք իրենց մեծապայծառ լոյսով կը հաւասարին Մալառմէի քերթողութեանց, իր հոգին արդարեւ արտակարգ խնամութիւն մը ունի բանաստեղծներու իշխանին հետ: Հոգի՝ միշտ ձգտուն դէպի անծանօթ եւ անսահմանելի արբշռանքի մը, զոր հազիւ կարելի է իմանալ մարդկային ցանկութիւն-ըմբռնողութեամբ մը: Նազարեանց լուսաւոր բանաստեղծ մըն է»: Մեկ տարի հետո, 1913-ին նա Հրանտ Նազարյանցին նվիրում է իր «Հեթանոս երգեր»-ը հետեւյալ մակագրությամբ՝ «Տաղանդաւոր քերթողին ու բարեկամիս Հ. Նազարեանցին, խորին համակրանքով, 7 մարտ 1913: Պոլիս»:
«Խաչուած երազներ»-ը դժվար ճակատագիր ունեցող գիրք է: Այն տպագրվել է «Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեանց» տպարանում: Գրքի տպաքանակի մեծ մասը ոչնչանում է տպագրատանը բռնկված հրդեհի մեջ: Գրքի տպագրությունից հետո գրական հակառակորդները նորից են միավորվում ընդդեմ Հրանտ Նազարյանցի ու իր գրքի: Խե՜ղճ մարդիկ եւ խե՛ղճ հայեր, եթե միայն իմանային, թե երեք տարի հետո ի՜նչ աղետ ու հողմ էր գալու սրբելու մի ամբողջ երկիր, ոչնչացնելու մի ամբողջ Հայրենիք ու ամեն ինչ, հավանաբար մոռանային քեն ու թշնամություն, դառնային ավելի հանդուրժող եւ քրիստոնեաբար սիրեին միմյանց: Բայց դեռ 1912 թվականն է, Սահմանադրությունն ու դրան հաջորդած «Կիլիկյան մոխիրները» կարծես թե մոռացվել են, Պոլիսը դառնում էր արեւմտահայ գրականության եւ մշակույթի մայրաքաղաք: Հայ գրողներն ու գրագետները իրենց տարերքի մեջ էին եւ թուրքական իրականության մեջ արվեստի եւ գրականության հեղափոխություն էին ծրագրում:
1913 թվականին Կոստան Զարյանն ու Հրանտ Նազարյանցը ֆրանսերեն լեզվով համատեղ մի գրական հրավեր - հավատո հանգանակ են հրապարակ հանում՝ ասպարեզ կարդալով գրական նոր, երիտասարդ, թարմ ուժերի: Գեղեցիկ ձեւավորված մեկ էջի վրա երկու երիտասարդ բանաստեղծները «Խելահեղ կամքեր» խորագրի ներքո պարզում էին իրենց ձգտումն ու նպատակը. «Ձեր երկրների գրականության պատմության շողշողուն էջերին հավերժորեն դրոշմված են մնացել անվեհեր պայքարները, մենք էլ այժմ կամենում ենք մեր ուժեղ եւ խելահեղ կամքերով կերտել բուրգեր, որոնց քարերը կմնան իբրեւ վկաներ մեր ադամանդակուռ ցնորքների:
Հույսով աստղազարդված՝ մենք բոսոր մարտահրավեր ենք նետում թուլամորթ դիակներին, որ ժանտախտ են տարածում մեր Արեւելքի ոսկեզօծ դաշտերի վրա: Ուզում ենք, որ մեզ մոտ նորածագ, հրաբորբ մի արեւ ցոլա եւ արձակե ցասումնալից ճառագայթներն իր զորության, որ ուղղակի արտահայտությունն է մեր կամքի»:
Գրական այս խմբակցությանը վիճակված չէր կայանալու: Ավելին, այս գրական համատեղ հրավերից կարճ ժամանակ անց Հրանտ Նազարյանցը խզում է իր կապերը Կոստան Զարյանի հետ: Բայց սա նույնպես առանձին խոսակցության նյութ է:
Հրանտ Նազարյանցին ու առայժմ իր նվիրյալ ընկեր ու բարեկամ Կոստան Զարյանին հանգիստ չեն տալիս գրական մեծ շարժում սկսելու, գրականության նորացման գաղափարները: Երկուսն էլ այնքան բան գիտեին եվրոպական գրական կյանքի տուրեւառությունների եւ ալեկոծումների մասին, երկուսն էլ համոզված սիմվոլիստներ էին, բայց ձգտում էին ե՛ւ նորարար - գրական հեղափոխական լինել, ե՛ւ քաղաքացիական գրականության հովեր ունենալ: Մալարմեի սիմվոլիզմի ժամանակը Պոլսում այդպես էլ երբեք չհասավ, որովհետեւ դուրսը, փողոցը Յըլդըզ քյոշքն էր եւ թուրքական մահիկը, մինչդեռ Հրանտ Նազարյանցը դեգերում էր Մալարմեի ցնորական աշխարհում: Եվրոպական գրավիչ ու գայթակղիչ սիմվոլիզմը տեղի էր տալիս գրական նոր մտայնությունների առաջ, իսկ սիմվոլիզմի գեղեցկությունները հայտնաբերած Հրանտ Նազարյանցի համար դժվար էր հրաժարվել դրանցից, դժվար էր համադրել սիմվոլիզմի երեւակայական-զգայնական աշխարհը հայկական կյանքի տագնապահար ու թելադրիչ իրականության հետ: Կարծում եմ, գրողի շուրջ եղած հակասական վերաբերմունքի պատճառներից մեկը սա էր...
Բայց, արդար լինեմ, նման վերաբերմունք կար ոչ միայն Հրանտ Նազարյանցի հանդեպ:
Մի փոքր առաջ անցնեմ եւ հասնեմ մինչեւ Կոստան Զարյանի «Մեհեան»-ի ժամանակները: 1914 թվականի հունվարին լույս է տեսնում «Մեհեան»-ի առաջին համարը, որի էջերում նոր-նոր միայն գրականություն մտնող ածխավաճառ Հակոբ Քյուֆեճյանը (Քիւֆէճեան) սկսում է մի հոդվածաշար՝ «Հարթենք» խորագրով: «Յառաջաբանի տեղ» վերնագրով ներածությունից հետո Հակոբ Քյուֆեճյանը անցնում է բուն նյութին՝ «Հրանտ Նազարյանց»: Զուր է այս գրության մեջ գրականագիտական վերլուծություն կամ քննադատական մեկնություն փնտրելը: «Մեհեան»-ի 9-11-րդ երկսյունակ լայնադիր էջերը լցված են Հրանտ Նազարյանցին ուղղված լուտանքներով, անարգական արտահայտություններով, վիրավորական որակումներով («Հրանտ Նազարեանց սիրտ չունի», «...ատաղձագործը՝ Հրանտ Նազարեանց»,«Հրանտ Նազարեանց ուղեղ չունի», «Հրանտ Նազարեանց աչք ալ չունի...» ): Բայց ո~ւր է, թե ամեն ինչ Հրանտ Նազարյանցով ավարտվեր: Հակոբ Քյուֆեճյանը քամահրում ու ծաղրում է նաեւ Եղիա Տեմիրճիպաշյանին ու Տիրան Չրաքյանին: «Հրանտ Նազարեանց մէկն է այն դժբախտ խումբին խլեակներէն որ Եղիայէն կը սերի: Անոր նշանաբանը եղած է բռնի ինքնատիպ ըլլալ:
...Դուք մոռցած ըլլալու չէք անոնց քուրմին, Տիրան Չրաքեանին (մարդ մը որ տաղանդ ունի) այն աղմկայոյզ դերասանութիւնը որով պատմուճանուած բառերու ու կէտերու այդ հերոսը իր արշաւը քնարերգեց՝ պարբերութիւններու հասարակածային անտառի մը մէջէն վազելով, ծառէ ծառ նետուելով...»: Կոստան Զարյանի ասած՝ «սինլքոր ամբողջ գրական խուժանը» այսպես ծաղրում-մերժում էր ոչ միայն Հրանտ Նազարյանցին: Բայց Հրանտ Նազարյանցի համար այդ մերժումը դառնում է ճակատագրական:
Պահպանված մի քանի նամակներում եղած կցկտուր տեղեկություններից եւ ակնարկներից կարելի է կռահել, որ հայրը 1912-ի դեկտեմբերին կամ 1913-ի հունվարին սնանկացել եւ վախճանվել է (հավանաբար, չկարողանալով տանել սնանկացումը): Ընկեր-բարեկամները երես են թեքում աղքատացած Նազարյանց ընտանիքից: Եվ իր երազների աշխարհում սավառնող Հրանտ Նազարյանցը ստիպված է լինում ամպերից վար իջնել եւ հայտնվում է մարդկային խորունկ ողբերգության մեջ: «...Ի՜նչ կեանք էր, որ ապրեցայ երկու ամիսէ ի վեր, ի՜նչ կեանք, Ենովքս, վիշտը ծերացուց զիս», - գրում է Նազարյանցը 1913 թվականի փետրվարի 23-ին գրած մի նամակում: Այս ամիսներին իր կյանքը դառնում է անտանելի՝ հոր մահը, ընտանիքին պատուհասած դժբախտությունը, գրքի տպաքանակի այրվելը, մտերիմ ընկերների՝ Ռուբեն Սեւակի, Կոստան Զարյանի եւ այլոց երես դարձնելը, իր գրականության հանդեպ որոշ շրջանակների մերժողական վերաբերմունքը եւ վերջապես անձնական կյանքի հանգամանքները Հրանտ Նազարյանցին հարկադրում են ծանր որոշում ընդունելու. նա որոշում է հեռանալ Պոլսից եւ մեկնել Փարիզ՝ «անիծուա՜ծ բանաստեղծներուս ոսկեզօծ գերեզմանը», եւ հաստատվել այնտեղ: Բանաստեղծի համար շատ դժվար է եղել նման որոշում կայացնելը, հարազատներից ու մերձավորներից, Պոլսից ու իր գրական միջավայրից բաժանվելը. «Արցունքով ու անէծքով պիտի մեկնիմ թերեւս», - գրում է նա սրտակեղեք մի նամակում:
Ինչեւէ, որոշումը առնված է, քարը՝ նետված...
* * *
1913 թվականի փետրվարի 10-ին Հրանտ Նազարյանցը «օրինաւոր ամուսնութեամբ ըստ Կանոնաց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյս Հայաստանեայց, պսակադրութեամբ Տ. Մեսրոպեան քահանայի, Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյն մէջ», ամուսնանում է իտալացի պարուհի Մադլեն Կոսմիսի հետ: Մադլեն Կոսմիսը ապրում էր Պոլսում: Ըստ երեւույթին, Մադլեն Կոսմիսը ճանաչված է եղել եւ համարում է ունեցել Պոլսի հայ գրական-մշակութային երիտասարդ գործիչների շրջանակում: Հայտնի է, օրինակ, որ Ռուբեն Սեւակը իր «Երեկ գիշեր» խորագրով բանաստեղծությունը «Հայրենիքի քնար» պատկերազարդ շաբաթաթերթի էջերում նվիրել է «Օր. Lena de Cosmisին» («Հայրենիքի քնար», Կ. Պոլիս, Ա. տարի, 1908, օգոստոսի 28, թիվ 3): Lena-ն Madlen անվան մտերմական կրճատումն է: Բանաստեղծության ներքո գրված է՝ «17 հուլիս 1908 Լոզան»: Հայտնի չէ՝ բանաստեղծությունը գրվել է Լոզանո՞ւմ կայացած հանդիպման ժամանակ կամ այդ հանդիպումի տպավորությամբ, թե՞ Ռուբեն Սեւակը Մադլեն Կոսմիսին ճանաչել է Պոլսում եւ Լոզանում գրված բանաստեղծությունը Պոլսում ընծայագրել է իտալացի պարուհուն:
Դժվար է ասել, թե ինքը՝ Հրանտ Նազարյանցը երբ է ծանոթացել Մադլեն Կոսմիսի հետ: Հրանտ Նազարյանցը իր նամակներից մեկում բարեկամներից մեկին տալիս է Մադլեն Կոսմիսի փոստի հասցեն իբրեւ իր հասցե: Արդյո՞ք Ռուբեն Սեւակը չի ծանոթացրել նրանց, Հրանտ Նազարյանցը Մադլեն Կոսմիսին չի՞ ճանաչել Ռուբեն Սեւակի միջոցով: Երբ Ռուբեն Սեւակը բանաստեղծություն էր ընծայագրում Մադլեն Կոսմիսին, այս նույն ժամանակ Հրանտ Նազարյանցի կյանքում ուրիշ կին կա, բանաստեղծի համար շատ թանկ ու հարազատ: Իր նամակներում նրան բանաստեղծը կոչում է Լեյլա, տառապում է նրա բախտի ու ճակատագրի համար («Լէյլան թոքախտ ունի...»), «Խաչուած երազներ»-ի մի ամբողջ բաժինը Լեյլայի համար գրված երգեր են, որ մամուլում հրապարակվել են մեծ մասամբ «Սեւ երգեր» խորագրի ներքո՝ ակնարկելով Լեյլայի ծանր հիվանդությունը: Ո՞վ է այս Լեյլան, իրո՞ք նրա անունը եղել է Լեյլա, թե՞ սա Հրանտ Նազարյանցի հորինած անունն է, որ թաքցնում է սիրելի կնոջ իսկական անունը եւ նրան դարձնում քնարական հերոսուհի: Ի դեպ, այս տարիներին մի ուրիշ Lena կա հայ գրողների միջավայրում՝ Lena Mayer անուն-ազգանունով: Արդյո՞ք սա նույն Կոսմիսն է՝ անգլիացու անուն-ազգանունով: Այս հարցերի պատասխանը ես այսօր չունեմ: Նաեւ չգիտեմ՝ Նազարյանցը մինչեւ 1913 թվականը, արդեն հասուն տղամարդ, երեսունվեց տարեկան, ամուսնացած եղե՞լ է օրինական ամուսնությամբ:
Ինչեւէ:
Ամուսնությունը, այնուամենայնիվ, նրան չի փրկում հոգեկան ծանր, ճգնաժամային վիճակից: Եվ ստեղծված վիճակից իբրեւ միակ հնարավոր ելք, միակ փրկություն դառնում է Պոլսից հեռանալը:
Ուղիղ երկու ամիս անց, 1913 թվականի ապրիլի 24-ին Բարիից գրած մի նամակում Հրանտ Նազարյանցը պատմում է իր մեկնումի ու իր անցած ճանապարհի մասին: Մինչեւ Բարի հասնելը լինում է Հունաստանում («Գացի ծնրադրելու Հին Հելլադայի աւերակներուն առջեւ»), լինում է Կորֆու կղզում («անցայ Քորֆուի մենաւոր դղեակներուն մէջէն»), այցելում է Իտալիայի Բարի, Բոլոնիա, Միլան եւ այլ քաղաքներ: Փարիզի ծրագրերը մնում են մի կողմ, եւ բանաստեղծը որոշում է մնալ, հաստատվել Իտալիայում եւ հենց Բարի քաղաքում. «Իտալիան բանաստեղծի մը համար ապրելիք միակ երկիրն է: Ծփո՜ւն քնար մըն է Իտալիան, օդը, ջուրը, երկինքը - ամէն բան երաժշտութիւն է, ամէն բան կը ժպտի հոս, արեւն ու ծովը տարօրէն պայծառ են, հոս դժբաղդ մարդ չկայ. յետին աղքատ գործաւորն անգամ միլիոնատէրի ժպիտն ունի: Արդէն մոռցայ Պոլիս անցուցած դժոխային երեք ամիսներս. Իտալիայի մեղմ կլիման կազդուրեց սպառած մարմինս. նոր մարդ եղայ»:
Այստեղ երիտասարդ հայը շրջապատին զարմացնում է իր գիտելիքներով եւ ճաշակով, մի քանի լեզուների՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն, ինչպես նաեւ իտալերենի կատարյալ իմացությամբ, իր լայն մտահորիզոնով եւ ընդհանուր զարգացածությամբ:
Վրա է հասնում Առաջին համաշխարհային պատերազմը՝ իր հետ բերելով հայության ապրած մեծագույն ողբերգությունը՝ Մեծ եղեռնը եւ Արեւմտյան Հայաստանի կորուստը: Անհետանում է այն աշխարհը, որի ծնունդն ու հարազատ զավակն էր Հրանտ Նազարյանցը, անգոյություն է դառնում իր ապրած կյանքը՝ իր անցյալը, անհետանում են այն մարդիկ, որոնք ճանաչում էին բանաստեղծին:
Իտալիայում նա հայտնվում է կատարյալ մենակության մեջ եւ ապրում է հայերից ու հայկականությունից հեռու: Իր նահատակված ընկեր-բարեկամների ճակատագրից երեւի թե ավելի դառն ու ծանր էր նրանց կյանքը, ովքեր այս կամ այն ձեւով խուսափեցին Եղեռնից, բայց ստիպված էին կրելու ահավոր ողբերգության անվախճան ծանրությունը:
Միակ փրկություն են դառնում բանաստեղծությունն ու գրականությունը: Հայ գրողը այլ ելք չուներ, բացի իտալական գրական կյանքի մեջ մխրճվելուց: Թեպետեւ Հրանտ Նազարյանցը շարունակում է հայերեն ստեղծագործություններ տպագրել մամուլում (ինձ հայտնի վերջին հայերեն իր գործը տպագրվել է 1928-ին, «Ամենուն տարեցոյց»-ում), այնուամենայնիվ նա իր ստեղծագործությամբ այլեւս իտալական գրականության մեջ էր: Շատ շուտով նա մտերմական կապեր է հաստատում Բարիի, Նեապոլիի եւ Բրինդիզիի գրական-մշակութային շրջանակների մարդկանց հետ: Նրա մտերիմ ընկերներն ու բարեկամներն են դառնում գրական մեծ համբավի հասած մարդիկ՝ Ջուզեպպե Կարտելլա Ջելարդի, Էնրիկո Կարդիլե, Դինո Ֆիենգա, Ֆերդինանդո Ռուսսո, Չեզարե Ջիարդինի, Ջան Պեդրո Լուչինի եւ ուրիշներ, ինչպես նաեւ պետական ու քաղաքական նշանավոր գործիչներ, բարձր հասարակության նշանավոր դեմքեր, որոնց թվարկումը միայն մեծ տեղ կզբաղեցնի:
Ահա, այս ժամանակ էլ հայտնի բանաստեղծ Ֆրանսուա Լեոտարը «Խաչուած երազներ»-ը թարգմանում է ֆրանսերեն եւ գրեթե ամբողջությամբ նախապես հրատարակում մամուլում: Նազարյանցի անվան շուրջ գրական լուրջ խոսակցություն է սկսվում, որի առիթն են դառնում Հ. Սիմոն Երեմյանի եւ Ենովք Արմենի ֆրանսերեն երկու գրքույկները Նազարյանցի բանաստեղծության մասին: Թեր եւ դեմ կարծիքներ են գրվում: Բարձր դրվատանքի խոսք է ասում իր մտերմագույն ընկերը՝ Ջուզեպպե Ջելարդին: 1916 թվականին նա գրում եւ հրատարակում է մի գրքույկ՝ «Հրանտ Նազարյանցի «Խաչուած երազներ»-ի իտալերեն թարգմանության մասին» («Փորձ») խորագրով («Per la traduzione Italiana dei «Sogni Crocefissi» di Hrand Nazariantz (Saggio)» - S.T.F.B., Societa Tipografica Editrice Barese, Bari, 1916): Այս նույն ժամանակներում էլ Էնրիկո Կարդիլեն իտալերեն է թարգմանում «Խաչուած երազներ»-ը եւ գրում է հիացական առաջաբան (Hrand Nazariantz. I Sogni Crocefissi; liriche, versione italiana di Enrico Cardile, con una premersa e note bio-bibliografiche - 1916, Ed. Humanitas, Bari):
Հրանտ Նազարյանցը Բարիում գրական տենդագին աշխատանք է ծավալում, առանձին աշխատանք է տպագրում Պետրոս Դուրյանի մասին՝ փորձելով հայ բանաստեղծի մեծությունը տեսանելի դարձնել իտալացի ընթերցողին (Bedros Turian poeta armeno, dalla sua vita e dale sue pagine migliori, con cenno sull'Arte armena. Con una presentazione di Enrico Cardile 1916. Ed. Laterza, Bari), իտալերեն է թարգմանում Դուրյանի «Թատրոն կամ թշվառներ» պիեսը (I Miserabile: dramma in 5 atti di Bedros Turian, versione italiana, con prefazione di Alfredo Violante Ed. Sunzogno, Milano), գրում է «Հայաստան. իր մարտիրոսությունն ու պահանջները» գիրքը (L,Armenia: il suo martirio e le sue rivendizioni, con introduzione di Umberto Zunotti Bianco (Giorgio d,Acandra)- Collezione La Giovane Europa 1916, Ed. Battiato Catania), գրում է «Հայ տաղասացներ. Նրանց կյանքը եւ նրանց երգը» հոյակապ գիրքը, որին հիացական առաջաբան է գրում Ֆերդինանդո Ռուսսոն (I trovieri dell' Armenia, nella loro vita e nel loro canti, con cenno sui canti popolari armeni, Prefazione di Ferdinando Russo. Casa Editrice Humanitas, 1916) եւ որտեղ իբրեւ հավելված հրատարակված են Ջիվանուց, Ղազար Սեբաստացուց, Կոնստանդին Երզնկացուց, Սայաթ-Նովայից, Գրիգորիս Աղթամարցուց կատարած իր թարգմանությունները, գրում է «Արշակ Չոպանյան» խորագրով մի գրքույկ, ուր Չոպանյանի գրական դիմանկարի հետ ներկայացնում է Չոպանյանից կատարած իր թարգմանությունները (Arsciak Ciobanian: nella sua vita e nelle sue pagine migliori, con prefazione di Mario Pilo 1916, Ed. Humanitas, Bari):
1920 թվականից Հրանտ Նազարյանցը իտալացի գրող Ռոբերտո Սարվազիի հետ խմբագրում է «Fantasma» գրական ամսագիրը, որի էջերում հրատարակում է Ռուբեն Զարդարյանի, Ատոմ Յարճանյանի (Սիամանթո), Դանիել Վարուժանի, Եղիա Տեմիրճիպաշյանի ու «ուրիշ շատ մը հին ու նոր հայ բանաստեղծների եւ արձակագիրների էջեր՝ կենսագրական ու գրախօսական նօթերով՝ ծանօթացնելու համար, այսպէս, հայ միտքը ու հոգին իտալացիներուն»:
1920 թվականին իտալերեն թարգմանությամբ հրատարակվում են Հրանտ Նազարյանցի երկու բանաստեղծական գրքերը՝ «Վահագն» խորագրով բանաստեղծությունների եւ պոեմների ծավալուն ժողովածուն (Vahakn: liriche, versone italiana di Enrico Cardile, con illustrazioni di Attilio Foti 1920, Ed. Humanitas, Bari) եւ հինգ մասից-հինգ հատվածից բաղկացած «Հայելին» (Lo Specchio: visione lirica d,Oriente nella versoine italiana di Enrico Cardile, con illustriazioni di Attilio Foti 1920, Ed. Humanitas, Bari): Ի դեպ, երկու գրքերի վրա էլ իտալերենից առաջ բանաստեղծը պահպանել է հայերեն խորագիրը:
Սրանց հաջորդում է «Երեք պոեմ» եռամաս ծավալուն գիրքը, որ ներկայացնում է Նազարյանցի ծավալուն երեք չափածո գործերը՝ «Ստվերների արքայությունը», «Հոգի. Գեղեցկության արշալույսը» եւ «Նազադիե. Սաադիի ծաղիկը», որ իտալերեն է թարգմանել Չեզարե Ջիարդինին (Tre poemi. Tradusse dall'armeno C. Giardini. Casa editrice Alpes. Milano, MCMXXIV): «Երեք պոեմը» լույս է տեսել շատ շքեղ հրատարակությամբ, գեղեցիկ ձեւավորումով: Գիրքը բացվում է բանաստեղծի տպավորիչ լուսանկարով, որի տակ իր հայերեն ստորագրությունն է, եւ ամփոփվում է թարգմանչի հիացական էսսեով՝ «Նոթեր հայ բանաստեղծության եւ Հրանտ Նազարյանցի մասին» (Nota sulla poesia armena e su Hrand Nazariantz):
Հրանտ Նազարյանցի գրիչը եղել է շատ բեղուն: Իր բանաստեղծական գործերը մեծ ծավալ են կազմում, բազմաթիվ ստեղծագործություններ այսօր էլ մնում են անտիպ: Վկայություն կա, որ Հրանտ Նազարյանցի անտիպ գրական ժառանգության մի ծավալուն մասը՝ հիմնականում ֆրանսերեն գրված գործեր, պահվել են իտալացի նշանավոր բանաստեղծ Ջուզեպպե Կարտիլա Ջելարդիի մոտ: Հրանտ Նազարյանցը Իտալիայում ստեղծագործել է հիմնականում ֆրանսերեն ու նաեւ իտալերեն լեզուներով:
Հրանտ Նազարյանցի հաջորդ գործը կոչվում էր «Տիեզերական ողբերգության մեծ երգը» (Il Grande Canto della Cosmica Tragedia): Այն իտալերեն է թարգմանում Էնրիկո Կարդիլեն: Հայ բանաստեղծի վերջին մեծածավալ ստեղծագործությունը, որ կրում էր «Խորհրդավոր սիրո մեծ երգը» ընդհանուր խորագիրը, կապված է բանաստեղծի անձնական կյանքի հանգամանքների հետ եւ մնացել է անավարտ:
Իտալիայում Հրանտ Նազարյանցը ստեղծագործական աշխատանքի հետ միասին ծավալել է նաեւ հայանպաստ ու ազգասիրական գործունեություն: Նրա ջանքերի ու անձնական կապերի շնորհիվ՝ սենատոր Լուիջի Լուձատտիի միջնորդությամբ եւ Պիեմոնտի իշխանուհու հովանավորությամբ, Բարիի շրջակայքում ձիթենյաց դաշտերի մեջ տարագիր հայերին մի փոքրիկ բնակավայր է հատկացվում,- նշանավոր «Նոր Արաքս»-ը,- ուր տարագիր հայերը, իբրեւ ապրուստի ու գոյատեւման միջոց, պետք է զբաղվեին գորգագործությամբ: Նազարյանցը վերակացու է կարգվում այս գործին, սակայն այս ձեռնարկը, ի վերջո, հաջողություն չի ունենում:
Բարիում Հրանտ Նազարյանցը իր կեցությունը ապահովում է դպրոցներում անգլերեն լեզու դասավանդելով, սակայն 1923 թվականից՝ Իտալիայում ֆաշիստական ռեժիմ հաստատվելուց հետո օտարականներին արգելվում է այդ աշխատանքը: Եվ Հրանտ Նազարյանցը մատնվում է ծանր, կարիքավոր, գրեթե անապահով կյանքի:
1939-1945 թվականներին Հրանտ Նազարյանցը Բարի քաղաքի ռադիոկայանի խոսնակն ու թարգմանիչն է՝ «ի նպաստ Համաձայնականներուն»: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ աշխարհը հիմնավորապես փոխվել էր, եւ բանաստեղծության ու գրականության համար նպաստավոր ժամանակներ չէին, Հրանտ Նազարյանցը նորից մատնվում է թշվառ ու անապահով կյանքի:
Չնայած իր դժվար կյանքին, այնուամենայնիվ Իտալիան եղել է հայ բանաստեղծի երկրորդ հայրենիքը, մի երկիր, որ այնքան նման է եղել իր ապրած երկրին եւ մի ժողովուրդ, որ այնքան նման է իր ժողովրդին: Պատահական չէ, որ Հրանտ Նազարյանցի գրականության հայ երկրպագուն հավաստում է, որ «Հարաւային Իտալիոյ հողին արեւավառ հրայրքը ներկայ է Հր. Նազարեանցի գրականութեան մէջ: Այս հողն ու այս հրայրքը, որոնք գրեթէ ոչինչ ունին տարբեր մեր ծննդավայր Արեւելքի առանձնայատկութիւններէն, բազմած են ոչ միայն անոր բանաստեղծութեան մէջ, այլեւ անձին»:
Իտալիայում Հրանտ Նազարյանցը երկար ժամանակ եղել է գրական-մշակութային կյանքի կենտրոնում, իր շուրջը հավաքելով եւ համախմբելով իտալացի, ֆրանսիացի, գերմանացի, շվեյցարացի, անգլիացի ու ամերիկացի գրողների ու գրական գործիչների՝ 1950-ական թվականներին վարել է տնօրինությունը երկու կարեւոր գրական հանդեսների՝ «Graal» եւ «L'Eco del Parnaso»՝ խմբագրել է այդ ամսագրերը, որոնց աշխատակցել են տասնյակ ու տասնյակ ճանաչված մտավորականներ: Այս տարիներին նա ընտրվում է Իտալիայի Ակադեմիայի անդամ եւ նշանակվում է բանաստեղծության մասնաճյուղի նախագահ: Իտալացի գրողներն ու բանաստեղծները նրան ներկայացնում են Շվեդական ակադեմիային իբրեւ Նոբելյան մրցանակի թեկնածու... Հրանտ Նազարյանցի մասին ժամանակին մեծ գովեստով է խոսել իտալական հայտնի «Տրեկկանի» հանրագիտարանը: Շատերի հիացմունքն է արտահայտել Ջուզեպպե Ջելարդին 1933 թվականին հայ բանաստեղծին ուղղելով հետեւյալ տողերը. «Քու երգդ միշտ գերընտիր է, ո՛վ իմ մոգս. միշտ կ՛երգես քու փղոսկրեայ աշտարակիդ մէջ աննմանելի երգով մը: Ի՞նչ արժէք կրնան ներկայացնել իմ կամ այլոց դատողութիւնը: Դուն նման ես քեզի միայն...»:
Տաղանդավոր հայ մարդն ու մեծատաղանդ հայ բանաստեղծը իր կյանքի վերջին տարիները ապրում է անհայտության, կատարյալ աղքատության ու թշվառության մեջ, Բարի քաղաքից հարավ, մոտ քսան կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կասամասսիմա փոքրիկ գյուղակի մի աղքատ ու անշուք տնակում... 1955-ի փետրվարին իր կյանքի մասին Հրանտ Նազարյանցը գրում է դառն տողեր. «Տարաբախտ Եղիային պէս, «Աստուծոյ եւ մարդոց դէմ քէն ըրած», վերջալոյսս կ,ապրիմ Ադրիականին այս մենաւոր ափունքին վրայ, ուր ճակատագիրը նետեց զիս»: Եվ Բարի քաղաքի հիվանդանոցներից մեկում էլ կնքում է իր մահկանացուն 1962 թվականի հունվարի 25-ին...
Commenti