"Բարեփոխման արժեքը չափվում է մարդկանց կյանքում ունեցած փոփոխությամբ։" Կառլո Կոպպոլայի հարցազրույցը նախարար Արսեն Թորոսյանի հետ
ՊԱՏԱՍԽԱՆ։ Հասարակական-քաղաքական գործունեության տարբեր փուլերում, ի պաշտոնե փոխվել են պատասխանատվության շրջանակները, բայց ոչ երբեք այն հիմնարար արժեքները, որոնցով առաջնորդվել եմ։ Ինչպես տարիներ առաջ, այսօր էլ նույնքան վստահ եմ, որ պետական կառավարումն արդյունավետ է այն ժամանակ, երբ իշխանությունը ոչ միայն որոշումներ է կայացնում, այլև բաց է առկա խնդիրները «տեսնելու», քաղաքացիներին լսելու, առողջ քննադատության համար և պատրաստ է շարունակաբար վերանայել ու կատարելագործել իր աշխատանքը։
Տարիների փորձառությունն ինձ առավել քան համոզել է, որ որևէ բարեփոխման իրական արժեք չի չափվում ընդունված իրավական ակտերի կամ ծրագրերի քանակով, այլ մարդկանց կյանքում ունեցած իրական փոփոխությամբ։ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում այս պատասխանատվությունը բազմապատիկ մեծ է, որովհետև յուրաքանչյուր որոշման հետևում շատ հաճախ կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք՝ երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք կամ ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Հետևաբար, մեր պատասխանատվության շրջանակը չի կարող սահմանափակվել միայն առկա խնդիրներին արձագանքելով, այլև այնպիսի հնարավորություններ ստեղծելով, որոնք մարդկանց զարգանալու, աշխատելու, սեփական ներուժը լիարժեք իրացնելու և ինքնուրույն դառնալու հնարավորություն կտան։
ՀԱՐՑ 2. Որպես Առողջապահության նախարար Դուք ստիպված էիք միաժամանակ բախվել երկու աննախադեպ ճգնաժամերի՝ Covid-19 համավարակի և 2020 թ․ պատերազմի հետևանքով առաջացած առողջապահական հետևանքներին: Ձեր կարծիքով, ի՞նչ ինստիտուցիոնալ դաս տվեց այդ փորձը, և այդ ժամանակ կայացված որոշումներից ո՞րն եք մինչ օրս համարում առողջապահական համակարգի զարգացման գործում Ձեր ամենանշանակալի ներդրումը:
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այդ ժամանակահատվածը, անկասկած, իմ գործունեության ամենաբարդ փուլերից մեկն էր։ Քովիդ-19-ի համավարակն ու 2020 թ․ պատերազմը երկու տարբեր բնույթի ճգնաժամեր էին, սակայն երկուսն էլ պահանջում էին արագ արձագանք և առավելագույն պատասխանատվություն։ Այդ շրջանում, կարելի է ասել, որ պետությունը և հատկապես առողջապահական համակարգը պատերազմում էին երկու, եթե ոչ` երեք ճակատով։ Եթե խոսենք կատարված աշխատանքի մասին, ապա դժվար է առանձնացնել մեկ որոշում, քանի որ ճգնաժամերի պայմաններում յուրաքանչյուր քայլ փոխկապակցված է և միտված է արագորեն բազմաթիվ կյանքեր փրկելուն։
Այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում առանձնահատուկ նշանակություն ունեցավ առողջապահական համակարգի արագ մոբիլիզացիան՝ ընդլայնվեցին բուժհաստատությունների կարողությունները, իրականացվեց բժշկական անձնակազմի և նյութատեխնիկական ռեսուրսների օպերատիվ վերաբաշխում, ապահովվեց առողջապահական ծառայությունների շարունակական հասանելիությունը քաղաքացիների համար և այդ ամենը մնացած բոլոր հիվանդությունների առկայության ֆոնին, որովհետև ոչ այլ քաղաքացու մենք չէինք կարող ասել, որ չենք կարող բուժել քո սրտամկանի կաթվածը, քանի որ քովիդով պացիենտ և վիրավոր զինվոր ենք բուժում։ Այս քայլերը ոչ միայն հնարավորություն տվեցին հաղթահարել տվյալ ժամանակահատվածի մարտահրավերները, այլև հիմք ստեղծեցին առողջապահական համակարգի երկարաժամկետ դիմակայունության բարձրացման համար։ Այսօր հետադարձ հայացքով կարող եմ վստահ պնդել որ Հայաստանը կորոնավիրուսային համավարակը լավագույն հաղթահարած պետություններից մեկն է, թեև այդ ընթացքում մեր դեմ հնչող բազմաթիվ քննադատությունները լրիվ այլ բան էին գուժում։ Առողջապահության ոլորտում այս տարվանից ներդրվեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենաառանցքային բարեփոխումներից մեկն էր, եթե ոչ ամենաառանցքայինը և ես ուրախ եմ, որ իմ համեստ ներդրումն եմ ունեցել այդ համակարգի նախագծման և առաջխաղացման մեջ։
ՀԱՐՑ 3. 2021 թ․ հունվարից մինչև հունիս ամիսը Դուք զբաղեցրել եք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ Հայաստանի նորագույն պատմության ամենազգայուն ժամանակաշրջաններից մեկում՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Ինչպե՞ս է այդ փորձը ձևավորել Ձեր մոտեցումը քաղաքական առաջնահերթությունների սահմանման հարցում, հատկապես այն իրավիճակներում, երբ ներքին քաղաքականության կարիքներն ու աշխարհաքաղաքական գործոնները կարող են հակասության մեջ մտնել։
ՊԱՏԱՍԽԱՆ։ 44-օրյա պատերազմից հետո պետության համար առաջնահերթ խնդիր էր արագ, համակարգված և արդյունավետ արձագանքել ստեղծված հումանիտար ու սոցիալական մարտահրավերներին, ինչպես նաև երկրում առկա ներքաղաքական լարված իրավիճակին։ Այդ փուլում յուրաքանչյուր որոշում ընդունվել է համակողմանի գնահատմամբ՝ հաշվի առնելով դրա սոցիալական, տնտեսական, իրավական և անվտանգային ազդեցությունը։ Այս մոտեցման շնորհիվ հնարավոր եղավ մշակել և իրականացնել անհրաժեշտ ծրագրեր՝ արձագանքելով պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ և մեր ժողովրդի իմաստնության շնորհիվ մեզ հաջողվեց դուրս գա ներքաղաքական ճգնաժամից և հաղթահարել հետպատերազմական իրավիճակը։
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությանը, ապա դրանք, անշուշտ, կարող են անդրադառնալ փոքր պետությունների որոշումների վրա։ Սակայն արտաքին մարտահրավերներին դիմակայելու գլխավոր նախապայմանը պետության «ամրությունն է ներսից»՝ հասարակական համերաշխությամբ, հաշվետու կառավարմամբ, իրավական պետության ամրապնդմամբ և սոցիալական կայունությամբ։ Հենց այս հիմքերի վրա է հնարավոր կառուցել մրցունակ և զարգացող պետություն։
ՀԱՐՑ 4. Շատ տնտեսագետներ կենսաթոշակային համակարգի բարեփոխումը համարում են Հայաստանի առաջիկա տասնամյակի հիմնական մարտահրավերներից մեկը՝ հատկապես հաշվի առնելով ժողովրդագրական միտումները և երկարաժամկետ ֆինանսական կայունության անհրաժեշտությունը։ Որո՞նք են այս հարցում Ձեր նախարարության ներկայիս առաջնահերթությունները, և ի՞նչ ժամանակահատված եք իրատեսական համարում համապարփակ բարեփոխում սկսելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Նախ նշեմ, որ 2018 թվականից սկսած կենսաթոշակային ապահովման ոլորտում իրականացվում են հետևողական և համակարգային բարեփոխումներ։ Եթե խոսենք կոնկրետ արդյունքների մասին, ապա կարծում եմ՝ այս ցուցանիշն ինքնին բավարար կլինի հստակ պատկեր ունենալու համար․ նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամից այսօր դարձել է 46 հազար դրամ։ Այս ամենին զուգահեռ, գործում է նաև անկանխիկ գործարքների դեպքում 20 % հետվճարի ծրագիրը, որը կենսաթոշակի և նպաստի չափը ևս 10,000 դրամով բարձրացնելու հնարավորություն է տալիս։
Միևնույն ժամանակ, սոցիալական պաշտպանության քաղաքականությունը չի սահմանափակվում միայն կենսաթոշակային համակարգի փոփոխություններով։ Մենք մշակում և իրականացնում ենք փոխլրացնող բարեփոխումներ՝ ժողովրդագրության, զբաղվածության, սոցիալական պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում։ Ինչ վերաբերում է բարեփոխումների ժամկետներին, ապա մեզ համար առաջնայինը ոչ թե տեմպն է, այլ որակը և երկարաժամկետ կայունությունը։ Յուրաքանչյուր որոշում պետք է հիմնված լինի ժողովրդագրական միտումների, ֆինանսական հաշվարկների, միջազգային լավագույն փորձի և մասնագիտական լայն քննարկումների վրա։ Մեր նպատակը հերթական փոփոխությունը ներկայացնելը չէ, այլ սոցիալական պաշտպանության այնպիսի ժամանակակից և մարդակենտրոն համակարգ կառուցելը, որտեղ կյանքի յուրաքանչյուր փուլում՝ երեխայի ծնունդից մինչև արժանապատիվ ծերություն, պետության քաղաքականությունները փոխլրացնում են միմյանց և ստեղծում քաղաքացիների բարեկեցության, ինքնուրույնության և սոցիալական անվտանգության ամուր հիմքեր։
Բացի դա, մենք մեր նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք կենսաթոշակների ինդեքսացիայի համակարգի ներդրման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ամեն տարի ըստ գնաճի ինդեքսավորել և բարձրացնել կենսաթոշակները․ սա ևս մեր համոզմամբ մեծ առաջընթաց է այս ոլորտում։
ՀԱՐՑ 5. Վերջին տարիներին բազմաթիվ դիտորդներ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, նշել են այն ընկալումը, որ կենսապահովման ծախսերն աճել են ավելի արագ, քան աշխատավարձերն ու կենսաթոշակները։ Բացի մակրոտնտեսական ցուցանիշներից, ի՞նչ կոնկրետ քայլեր է նախատեսում իրականացնել Կառավարությունը՝ տնային տնտեսությունների գնողունակությունը բարձրացնելու և հասարակության առավել խոցելի խմբերին պաշտպանելու համար։ Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով, որ այնտեղ, որտեղ պետության տնտեսական և սոցիալական պաշտպանության համակարգը չի հասնում, «հակապետական» երևույթների տարածման հնարավորություններն ավելի մեծանում են։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Գնաճն ու կենսապահովման ծախսերի աճը վերջին տարիներին լուրջ մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի, այլև բազմաթիվ երկրների համար։ Այս ուղղությամբ մեր քաղաքականության առանցքային նպատակը ոչ միայն այդ հետևանքները մեղմելն է, այլև ստեղծել պայմաններ, որոնց շնորհիվ մարդիկ աշխատանքի, զբաղվածության և տնտեսական ակտիվության միջոցով կարողանան բարելավել իրենց կյանքի որակը։
Միաժամանակ, պետք է նշել, որ պետության ուժը չի չափվում միայն տնտեսական ցուցանիշներով։ Կարևոր է նաև այն հանգամանքը, թե որքանով քաղաքացին ունի որակյալ կրթության, արժանապատիվ աշխատանքի, արդյունավետ սոցիալական պաշտպանության և սեփական ներուժը զարգացնելու հնարավորություն։
ՀԱՐՑ 6. Սոցիալական բարեփոխումները հաճախ պահանջում են նուրբ հավասարակշռություն ֆինանսական կայունության, տնտեսական աճի և սոցիալական համախմբվածության միջև: Միջազգային փորձը, այդ թվում՝ եվրոպական և իտալական մոդելները դիտարկելով՝ կա՞ն արդյոք հատուկ մոտեցումներ, որոնք Դուք համարում եք հատկապես արժեքավոր՝ որպես Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման ոգեշնչման աղբյուր։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Անշուշտ, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը կարևոր գործիք է՝ քաղաքականություններն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Հետևաբար, լայնածավալ բարեփոխումներ կամ նոր ծրագրեր մշակելիս, ըստ անհրաժեշտության, ուսումնասիրվում է տարբեր երկրների հաջողված փորձը, գնահատվում դրանց կիրառելիությունը և հաշվի են առնվում այն լուծումները, որոնք կարող են օգտակար լինել մեզ համար։
Միաժամանակ, կարևոր է ի նկատի ունենալ, որ որևէ երկրի սոցիալական պաշտպանության մոդել հնարավոր չէ պարզապես տեղափոխել մեկ այլ իրականություն։ Հետևաբար, մեր առաջնահերթությունը ոչ թե առանձին երկրների մոդելների ուղղակի վերարտադրությունն է, այլ միջազգային լավագույն փորձի նպատակային տեղայնացումը՝ այն համադրելով Հայաստանի հնարավորություններին և զարգացման ռազմավարական նպատակներին։ Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորել արդյունավետ, իրատեսական և երկարաժամկետ հեռանկարում կայուն սոցիալական պաշտպանության համակարգ։
ՀԱՐՑ 7. 2023 թ․ Ղարաբաղից տեղահանված ավելի քան հարյուր հազար հայերի ժամանումը Հայաստան, ինչպես նաև սփյուռքից, մասնավորապես Մերձավոր Արևելքի երկրներից և Ռուսաստանից վերադարձող քաղաքացիների որոշակի հոսքը, վերջին տարիների ամենանշանակալի սոցիալական փոփոխություններից մեկն է: Ի՞նչ ազդեցություն ունի այս նոր իրականությունը աշխատաշուկայի և սոցիալական պաշտպանության համակարգի վրա, և ի՞նչ քաղաքականություն է իրականացնում Ձեր նախարարությունը կայուն և երկարատև ինտեգրացիան խթանելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ 2023 թ․ ստեղծված իրավիճակը պահանջում էր արագ և համակարգված արձագանք՝ սկսած Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների առաջնային կարիքների ապահովումից մինչև երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրման քաղաքականությունների ձևավորումը։ Առաջին փուլում կազմակերպվեց և իրականացվեց կարիքների գնահատման գործընթաց, տրամադրվեց անհրաժեշտ աջակցություն, այնուհետև մշակվեցին և իրականացվեցին զբաղվածության, բնակապահովման և ինտեգրմանն ուղղված ծրագրեր։ Բազմաթիվ հայրենակիցներ ներկայում օգտվում են զբաղվածության և բնակապահովման ծրագրերից, և մեր նպատակն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան լիարժեք ինտեգրվել, ինքնուրույն կազմակերպել իրենց կյանքը և կառուցել ապագան Հայաստանում։
Նույն մոտեցումն է նաև Հայաստան վերադարձող սփյուռքահայերի դեպքում։ Ի վերջո, ինտեգրումը միայն սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը չէ. այն ներառում է նաև կրթական, զբաղվածության, բնակապահովման և համայնքային կյանքին լիարժեք մասնակցության ապահովում, և մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցները ոչ միայն վերադառնան, այլև կարողանան ապրել, աշխատել և կառուցել իրենց ապագան մեր երկրում։
ՀԱՐՑ 8. Կցանկանայի ավարտել ապագային միտված հարցով։ Եթե հինգ տարի անց հետադարձ հայացքով նայեք Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանին և առանձնացնեք մեկ ձեռքբերում, որը նախատեսված է մնայուն հետք թողնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատմության մեջ, ո՞րն էիք կցանկանայիք, որ այն լիներ, և ինչո՞ւ։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Լավագույն տեսլականը, իհարկե, այն կլիներ, որ չլինեին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներ, իսկ սոցիալական քաղաքականությունը հիմնականում ընկալվեր որպես մարդու ներուժի զարգացման, հնարավորությունների ընդլայնման և ինքնուրույնության խթանման քաղաքականություն։
Այս պահին մեծ ձեռքբերում կհամարեմ, եթե կարողանանք փոխել սոցիալական պաշտպանության համակարգի նկատմամբ հանրային ընկալումն այնպես, որ քաղաքացին պետությանը դիմի ոչ միայն դժվարությունը հաղթահարելու կամ աջակցություն ստանալու համար, այլև առաջին հերթին՝ աշխատանքի, և սեփական հնարավորությունները զարգացնելու նոր ճանապարհներ գտնելու նպատակով։ Եթե կարողանանք ձևավորել հենց այդպիսի պետություն-քաղաքացի հարաբերություն, ապա կհամարեմ, որ մեր աշխատանքը թողել է երկարատև և արժեքավոր հետք։





